ՍՈՖԻ ՄԽԵՅԱՆ

Սոֆի Մխեյանը ծնվել է 1984 թվականի ապրիլի 8-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում: Սովորել է Երևանի Թելմանի անվան թիվ 13 միջնակարգ դպրոցում, ավարտել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը, ապա սկսել է երգել «Դո Ռե Մի» դպրոց-ստուդիայում: Հետագայում ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան քոլեջի դաշնամուրային բաժինը, բարձրագույն կրթություն ստացել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում: 

Արդեն ուսանելու տարիներին Սոֆին հայրենիքում ուներ երկրպագուների մեծ բանակ, երգի պետական թատրոնում հանդես էր գալիս որպես մենակատար, մասնակցում էր մի շարք մրցույթների: 

Երգչուհու առաջին տեսահոլովակը նկարահանվել է «Իմ ընկեր» երգի հիման վրա, այնուհետև նկարահանվել են «Սեր», «Նայիր իմ աչքերին», «Օրը եւ ներկան», «Արժանի է» (դուետ Սիրուշոյի հետ), «Որտեղ գտնեմ», «Լույս խավարում» (հետագայում նաև ռեմիքս տարբերակը), «Պետք չես», «Ճանաչիր», «Կարոտի երազ», «Հաճախ ժպտա», «Ուզում եմ խոսել», «Մամա», «2012», «Հայաստանի երգ» և «Երազում» երգերի տեսահոլովակները: 

2005 թվականին Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ Սոֆի Մխեյանը արժանացել է «Տարվա հայտնություն» մրցանակին: 

2007 թվականին լույս է տեսել երգչուհու առաջին` «Կյանքը քո» ձայնասկավառակը: Վերջինս իր անվանումն ստացել է նրանում տեղ գտած համանուն երգի հիման վրա, որի հեղինակը հենց ինքը` երգչուհին է: Նույն թվականին Սոֆիի «Օրը և ներկան» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը Ազգային երաժշտական մրցանակաբաշխության շրջանակներում արժանացել է «Տարվա հիթ» մրցանակին, ապա ԱՄՆ-ում անցկացվող «Անուշ» մրցանակաբաշխության ժամանակ երգչուհու առաջին ձայնասկավառակը արժանացել է «Տարվա լավագույն փոփ ալբոմ» մրցանակին: 

Սոֆին բազմիցս հայտնվել է տեղական (եւ ոչ միայն) ամսագրերի շապիկներին, ինչպիսիք են «Էլ Style», «Ե՞ս Yes!», «BOOM», «Joker», «Prestige», «Նանե», «Միքս», «Alma Times and Alma Magazine» եւ այլն: 

Լինելով ոչ միայն տաղանդավոր ու սիրված երգչուհի` Սոֆի Մխեյանը մասնակցել է նաև մի շարք սպորտային նախագծերի: Նախ Հայաստանում մասնակցել է հայ աստղերի մասնակցությամբ թենիսի առաջնության, որտեղ կանանց խմբում գրավել է առաջին տեղը: Այնուհետև 2009 թվականին մասնակցել է «Ֆորդ Բոյար» նախագծին, որտեղ էլ ցուցաբերած սպորտային իր ունակություններով և խիզախությամբ ապշեցրել է բոլորին: 

2009 թվականին լույս է տեսել ներգչուհու թվով երկրորդ` «Լույս խավարում» ձայնասկավառակը: 

2009-2011 շրջանը մրցանակների առումով բեղուն էր Սոֆիի համար. նախ ԱՄՆ-ում անցկացվող ամենամյա Armenian Music Awards մրցանակաբաշխության շրջանակներում արժանացել է 2009 թվականի «Տարվա լավագույն փոփ երգչուհի» մրցանակին, այնուհետև Մոսկվայում կայացած ամենամյա «Տաշիր» մրցանակաբաշխության ժամանակ հաղթել է 2010 թվականի «Տարվա լավագույն երգչուհի» անավանակարգում, ապա Հայաստանում անցկացվող ամենամյա Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է 2010 թվականի «Տարվա լավագույն երգչուհի» մրցանակին: 

Սոֆի Մխեյանը մասնակցել է տարբեր հավաքական համերգների եւ շրջագայություններով հանդես է եկել ինչպես Հայաստանի մարզերում եւ Արցախում, այնպես էլ` Իրանում, Ռուսաստանում, Չեխիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Իտալիայում, Հոլանդիայում, Չինաստանում, Արգենտինայում, Բրազիլիայում եւ ԱՄՆ-ում։

2012 թվականին լույս է տեսել երգչուհու թվով երրորդ` «2012» ձայնասկավառակը: 

2012 եւ 2017 թվականներին Սոֆի Մխեյանը հանդես է եկել որպես «Հայաստանի Ձայնը» մրցույթի՝ միջազգային The Voice-ի հայկական տարբերակի առաջին եւ չորրորդ եթերաշրջանների նախագծի մարզիչ։

2015 թվականին ներկայացրել է «Համաձայն եմ» երգը եւ վերջինիս հիման վրա նկարահանված տեսահոլովակը։

2016 թվականին Սոֆի Մխեյանը Վիգեն Հովսեփյանի հետ համատեղ ներկայացրել է «Մի քիչ» ստեղծագործությունը, որը արժանացել է «Տարվա լավագույն» դուետ մրցանակին, ապա նորովի կատարել Տիգրան Չուխաջյանի «Լեբլեբիջիների խմբերգը»։ Երկու ստեղծագործություններն էլ հանդիսատեսի դատին են հանձնվել տեսահոլովակներով։

2018 թվականին երգչուհին ներկայացրել մի շարք ստեղծագործություններ, այդ թվում՝ «Չեմ ուզում»-ը, «Ռեհան» երգն ու դրա հիման վրա նկարահանված տեսահոլովակը, ինչպես նաեւ «Տեսիլք»-ը, որի տեսահոլովակի ռեժիսորը հենց ինքը՝ Սոֆին է, իսկ գլխավոր դերում հանդես է գալիս դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը։ Ի դեպ, 2018 թվականին Սոչիում տեղի ունեցած երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ «Ռեհան» ստեղծագործությունը արժանացել է «Տարվա երգ» մրցանակին։

2015 թվականից ի վեր Սոֆի Մխեյանը հանդես է գալիս որպես անհատ կատարողների եւ հեռուսատեսային նախագծերի պրոդյուսեր։

 

www.000webhost.com